Հայ ռեժիսորի ֆիլմը հաղթող է ճանաչվել Ֆլորիդայում անցկացված Tally Shorts կինոփառատոնում
Հայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ Արա Առուշի «Որսորդ» ֆիլմը, որն անցած տարի ներկայացված էր Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին, հաղթող է ճանաչվել Ֆլորիդայում անցկացված Tally Shorts կինոփառատոնում'ստանալով փառատոնի ֆավորիտ ֆիլմերի երկրորդ մրցանակը: Իսկ Մանհեթենի միջազգային կինոփառատոնում, որտեղ «Որսորդ» ֆիլմը ներկայացված էր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, արժանացել է ժյուրիի բարձր գնահատանքին:
««Որսորդը» ժյուրիի հիացմունքին արժանացավ: Նրանց հիացրել էր ինչպես դերասանական խաղը, այնպես էլ սցենարը, մոնտաժը, օպերատորական աշխատանքը: Փաստացի «Որսորդը» լավագույն աշխատանք ճանաչվեց»,-ասաց Արա Առուշը:
Մանհեթենի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար պայքարել են ամբողջ աշխարհից 130 ռեժիսոր: Ընտրված 13 ֆիլմերից մեկը Արա Առուշի «Որսորդն» էր, որը կցուցադրվի նաև ՄԱԿ-ի կինոսրահում:
«Որսորդը» հասցրել է ցուցադրվել մի շարք հայտնի կինոփառատոներում, այդ թվում' Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի «Ջագրան», Մերիլենդի «Ֆրեդերիկ» (ԱՄՆ), երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոներում: Հնդկաստանի Լեյքսիթի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին այն առաջադրվել է «Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ իսպանական Բադալոնա փառատոնին գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանն արժանացել է լավագույն դերասանի մրցանակին:
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թվականին'Ստեփանակերտում: 1999-ից նկարահանել է տեսահոլովակներ: Հիմնադրել է Digidez Studio ևKenigArts Pictures ընկերությունները: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի լինելով' բնակվում է Մոսկվայում և Երևանում: «Որսորդը» նրա ռեժիսորական դեբյուտն է: