Ադրբեջանական ավանտյուրա, որին ոմանք հավատում են. Լևոն Մութաֆյան
Այսօր ադրբեջանցիները նշում են Խոջալուի «ցեղասպանության» հերթական տարելիցը: Որոշ երկրներում, ի համերաշխություն Ադրբեջանի, նախատեսված են մի շարք միջոցառումներ, իսկ Ադրբեջանն էլ սուգ է հայտարարել: Այդ ամենը կարելի կլիներ հասկանալ, եթե փաստերը աղավաղված չլինեին, քանզի իբրև թե հայերն են ցեղասպանել և ոչ թե հակառակը: Այս առիթով operativ.am-ի թղթակիցը զրուցեց թատերագետ, գրող-հրապարակախոս Լևոն Մութաֆյանի հետ, ով ասաց, որ ի սկզբանե Խոջալուն ֆարս էր, որը հետապնդում էր մի շարք հարցեր, առաջին հերթին քաղաքական խնդիրներ, դա վերաբերում էր ոչ թե մեզ հայերիս, այլ Ադրբեջանում ստեղծված ներքին կացությանը, ներքին իրավիճակին.
«Դա Ադրբեջանական ժողճակատի կողմից արված ավանտյուրա էր՝ ընդդեմ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի, ով ժամանակին հարցազրույց տվեց և ներկայացրեց ողջ իրավիճակը: Խոջալուն, կարելի է ասել, հակաթույն էր մեր քարոզչությանը Ցեղասպանության ճանաչման ճանապարհին՝ որպես հակակշիռ, թե հայերը նույնպես ցեղասպանող ժողովուրդ են: Մի շարք կազմակերպություններ ընդունել են, բայց նրանց այդ ընդունումը, այդ ճանաչումն այսօր չունի որևէ իրավական հետևանք, չունի քաղաքական գնահատական, որովհետև եթե իսլամական համերաշխության կազմակերպությունն է ճանաչում այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունը, դա նշանակում է, որ երևույթը, այդ չակերտավոր ողբերգությունը չունի հիմնավորում, չունի պատմական և փաստական արժևորում»:
Մեզ՝ հայերիս համար, ինչպես շեշտեց Պրն Մութաֆյանը, Խոջալուի ցեղասպանության հանրահռչակումը մեկ անգամ ևս ազդականչ ու մարտակոչ պետք է լինի, որ միավորենք մեր ուժերը և ավելի վճռականորեն պայքար տանենք Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման վերաբերյալ, առավել համախմվենք իբրև ազգ, իբրև ժողովուրդ, իբրև պետություն. «Առհասարակ պատմության նենգափոխումը կարող է տևել մի պատմական ժամանակաշրջան, սակայն հավերժական չէ, ուստի եթե ոչ այսօր, ապա վաղը աշխարհը կճանաչի Խոջալուոում կատարված փաստի իրական նկարագիրը, կտա իրական գնահատականը, մանավանդ որ կան իրական փաստեր, կան վավերաթղթեր, վավերագրական կադրեր, որոնք հաստատում են դրա բլեֆ լինելու հանգամանքը: Կարծում եմ, որ ադրբեջանական քարոզչությունը որոշակի դիվիդենտներ, իհարկե, շահեց. Հոնդուրասը ճանաչեց, Չեխիայում քննարկվեց հարցը, բանաձևը բերվեց խորհրդարան, սակայն նորից ասեմ, որ դրանք չունեն իրավական հետևանքներ, ցեղասպանությունների ճանաչման, գնահատման համար անհրաժեշտ են առավել ծանրակշիռ փաստարկներ, որոնք Ադրբեջանական կողմը չունի»:
Լևոն Մութաֆյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը, թեև այդ փաստարկների բացակայությանը, բայց և լավ կատարում է իր դերը, ունի իր խաղը՝ ապացուցել միջազգային հանրությանը հակառակում, որ այդ հայերն են ցեղասպան, ուստի մենք պետք է լինենք զգոն և «հանգիստ բարձերի վրա թիկն չտանք», այնինչ մենք մեր քարոզչությամբ կաղում ենք.
«Մեր քարոզչությունն ըննդեմ Ադրբեջանի կամ մեր հակաքարոզչությունը չունի գաղափարախոսություն, չունի կոնկրետ նպատակամղվածություն, մենք այս դաշտում բավական լուրջ պարտություններ ենք կրել, դրա արդյունքներից մեկն էլ Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության հանրահռչակումն է, ուստի մենք պետք է հետևություններ անենք, այսօրվա, վաղվա և մյուս բոլոր օրերի համար»:
Operativ.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսին է այսօր հայ երիտասարդության դերը այս հակաքարոզչությունում, Լևոն Մութաֆյանը պատասխանեց, որ այսօր ունենք շատ հզոր երիտասարդություն՝ ինտելեկտուալ բարձր պատրաստվածության, հետևաբար պետք է նրանց ակտիվացնել.
«Այսօր մենք ունենք բազմաթիվ ու բազմահազար հասարակական կազմակերպություններ, որոնց գերակշռող մեծամասնության ակունքների մոտ կանգնած են երիտասարդներ, այսինքն՝ պետք է մշակվի պետական քաղաքականություն, որի մեջ ներգրավվի երիտասարդությունը՝ իբրև առավել ակտիվ և առավել ինտելեկտուալ զանգված : Միևնույն ժամանակ մեր բուհական լսարաններում հարկավոր է տրամադրել մեր երիտասարդությանը ճշգրիտ ինֆորմացիա՝ պատմական ճշգրիտ, արթնացնել նրանց մեջ այսպես կոչված հայրենասիրությունը: Հայրենասիրությունը ճառ չէ, այն գործընթացային իրողություն է, հետևաբար, պիտի երիտասարդությանը տանել դեպի այդ քարոզչությունը բավական գրագետ, մտածված, պետական քաղաքականության մեջ մտնող դրույթների ճանապարհով»:
Անուշ Կրկյաշարյան