Տաղավար տոներ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը' Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «Տաղավար տոներ»:
Սրանք ավագագույն տոներ են, քանզի այս տոների խորհրդի միջոցով վերացավ մահվան հաղթությունը, մարդն անմահություն ժառանգեց և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար: Մենք, սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով, դառնում ենք Աստծու տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ' համաձայն Իր իսկ խոսքի՝ «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ:23):
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի կարծիքով՝ «Տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, և այդ տոներն այդպես են կոչվում Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով: Հին Ուխտում այս տոնի օրերին Երուսաղեմում էր հավաքվում ողջ Իսրայելը, և տոնակատարության ամբողջ ընթացքում, որը տևում էր մեկ շաբաթ, ժողովուրդը բնակվում էր ժամանակավոր թեթև շինվածքներում' տաղավարներում' ի հիշատակ նրանց Եգիպտոսից դուրս գալուն, երբ երկար ժամանակ տաղավարներում էին ապրում' մինչ Ավետյաց երկիր մտնելը (տե՛ս Ղևտ. ԻԳ:41-43):
Այս նմանությամբ էլ Հայ Եկեղեցում մեկից ավելի օրեր տևող տոները կոչվեցին «Տաղավարահարաց տոներ», որոմք առաջին բառի մասնակի սղման պատճառով հետագայում ստացան «Տաղավար տոներ» ձևը:
Այս տոները հատկանշական են նրանով, որ, բացառությամբ Աստվածհայտնության տոնի, տոնվում են կիրակի օրը, ունեն իրենց նախընթաց Պահոց շրջանը' Բարեկենդանով հանդերձ, տոնի նախորդ օրը կատարվում է Նավակատիք, իսկ գիշերը' հսկում: Այս հինգ տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված է ննջեցյալների հիշատակին:
Տաղավար տոները տևում են երեք օրից ավելի և բոլորն էլ Տերունի օրեր են: Այսպես, Աստվածհայտնության տոնին հաջորդում են 8, Զատկին' 50, Վարդավառին' 3, Վերափոխմանn' 8, իսկ Խաչվերացին' 6 տոնական օրեր: Յուրաքանչյուր Տաղավար տոն ունի իրեն հատուկ Երեքսրբյանը: Թեև Հոգեգալուստը Տաղավար տոն չէ, սակայն այն ևս իրեն հատուկ երեքսրբյան և հաջորդող 6 տոնական օրեր ունի, որոնք տոնվում են պահքով:
Հատկանշական է, որ Տիրոջ սուրբ առաքյալների և Տիեզերական սուրբ ժողովներին մասնակցած Եկեղեցու սուրբ հայրապետների տոներն առնչվում են Տաղավար տոների Բարեկենդաններին: Այսպես, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը Քրիստոսի տասներկու սուրբ առաքյալների և սուրբ Պողոսի' տասներեքերորդ առաքյալի տոնն է: Խաչվերացի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը 325թ. գումարված Նիկիայի Տիեզերական սուրբ ժողովի 318 հայրապետների տոնն է, Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը 381թ. գումարված Կոստանդնոպոլսի Տիեզերական սուրբ ժողովի 150 հայրապետների տոնն է, իսկ Վերափոխման Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը տոնն է 431թ. գումարված Եփեսոսի Տիեզերական սուրբ ժողովի 200 հայրապետների:
Հավատամք. ֆեյսբուք