Ինչպիսի՞ն կլինի կրկեսի նոր շենքը
Operativ.am-ի թղթակիցը խոսեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ: Թղթակիցը ցանկացավ ճշտել՝ համացանցում և լրատվական կայքերում տարածված նկարները կրկեսի նոր շենքի էսքիզնե՞րն են հանդիսանում:
- Դրանք անցած տարվա էսքիզներն են, երբ որոշել էին կրկեսն ամբողջովին քանդել, որոնք իմ նախաձեռնությամբ էին ստեղծվել: Ավելին՝ կրկեսի նոր էսքիզները արդեն իսկ պատրաստ են: Ես՝ ինքս, տեսել եմ վերջնական արդյունքները, որը հոյակապ է: Նախկին շենքի հետ համեմատ այն ավելի մեծ է, ամբողջովին մոդերնիզացված է և համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Այժմյան էսքիզների համաձայն՝ կրկեսի ապագա շենքը 6 մետրով բարձր է լինելու նախկինից, նախկին շինությունը նախատեսված էր 1560 անձի համար, իսկ նոր կրկեսը՝ 2300, նախկին կրկեսը չուներ ավտոկայանատեղի, իսկ նորը կունենա, նախկինում կենդանիների տեղը շենքի ներսում էր, իսկ այժմ դրսում կլինի, որպեսզի շենքը զերծ մնա տհաճ հոտից և կունենա մի քանի մսուր: Շուտով կրկեսի նոր շենքի վերջնական նկարները կտեղադրվեն համացանցում և ինքներդ կհամոզվեք:
-Փաստորեն, եթե նախագիծն արդեն իսկ պատրաստ է, ապա կարո՞ղ ենք խոսել շինարարական աշխատանքների մասին:
- Այժմ ակտիվ կերպով աշխատանքներ են տարվում վերջին ճարտարապետական գծագրերի շուրջ և մոտ ապագայում կարող ենք խոսել նաև շինարարական աշխատանքների մասին:
Սոս Պետրոսյանն Operativ.am–ի թղթակցին բացեց մի փոքրիկ գաղտնիք ևս.
- 2015 թվականին լրանում է լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը, և մենք կազմակերպելու ենք կրկեսի միջազգային մրցույթ: Արդեն իսկ սկսել են աշխատանքները, ինքս էլ անձամբ զբաղվում եմ այդ հարցերով: Մինչ օրս Հայաստանում կրկեսային միջազգային մրցույթ չի կազմակերպվել և այն կլինի առաջինը, քանի որ մոդերնիզացված կրկեսը կհամապատասխանի բոլոր ստանդարտներին: «Տաշիր գրուպը» հանձն է առել ֆինանսավորման բոլոր հարցերը և մենք կունենանք մեր ազգային կրկեսը:
Զրուցեց՝ Մարգարիտ Ավետիսյանը