Հովհաննես Ադամյան. մարդ, ով աշխարհը մեկ քայլով առաջ տարավ
Հայ հանճարներ, մարդիկ ովքեր իրենց տաղանդով ոչ միայն հայ ազգի, այլ ամբողջ աշխարհի համար կարևոր նշանակություն ունեցող գյուտերի հեղինակներ են դարձել, ինչն էլ փոխել է աշխարհի բնականոն հունն ու մեկ քայլով առաջ տարել աշխարհը:
Հովհաննես Ադամյանը պատկանում էր այդ մարդկանց շարքին, ով առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը: Բաքվի նավթաարդյունաբերողի ընտանիքում 1879թ. փետրվարի 5-ին ծնված երեխան դեռևս դպրոցական նստարանից աչքի էր ընկնում իր հետաքրքրասիրությամբ և ուսումնասիրելու ձգտումով:
Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում' նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում: Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում: Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ: Ադամյանը Գերմանիայում սեփական միջոցներով հիմնում է լաբորատորիա և մի շարք գյուտերի հեղինակ է դառնում:
Գիտելիքներով զինված և ժամանակի լավագույն համալսարաններում ուսանած երիտասարդը 1913 թ-ի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ նույնպես ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը: Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ-ին Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թ-ին:
1945–51 թթ-ին ԱՄՆ-ի Կոլումբիայի (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53 թթ-ին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար: Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է:
Գեղանկարչություն,ճարտարապետություն ուսումնասիրող, մի քանի օտար լեզուներ իմացող հանճարեղ այդ մարդը մահացել է 1932թ. սեպտեմբերի 12-ին, ում աճյունը թաղվել է Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատանը: 1970թ. Հովհաննես Ադամյանի աճյունը տեղափոխվել է Երևանի քաղաքային պանթեոն: