Իմ հասակը տարիների փորձ ունի. Ֆլորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 56 տարեկան
ՄշակույթՀՀ ժողովրդական արտիստուհի, հայ երգի վարպետ, Ֆլորա Մարտիրոսյանն "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնողը:
Ծնվել է 1957 թվականի այս օրը' Գյումրիում: Նրանց ընտանիքում 4 երեխա էին' երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքրն էր: Ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև` Երևանի պետական կոնսերվատորիան: 1987 թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ: 1991 թ. ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, Լոս Անջելես: Հետագայում' նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ապա նորից վերադարձել ԱՄՆ: 2007 թվականին Ֆորա Մարտիրոսյանը հիմնում է "Artists for Pease" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով:
Տիկին Ֆլորայի երգը հնչել է աշխարհի բեմերում' զուլալ ձայն, մաքրամաքուր երգեցողություն: Ֆլորա Մարտիրոսյանը կյանքից հեռացավ անժամանակ' ընդամենը 55 տարեկանում. անցյալ տարվա նոյեմբերի քսանն էր, երբ հանճարեղ երգչուհու մահվան գույժը հասավ Երևան: Լեղապարկի վիրահատության ժամանակ տիկին Ֆլորան մահացավ վիրահատական սեղանին: