Նոր մանրամասներ ադրբեջանցի մարդասպան Օրհան Զեյնալովի գործից
«Քննիչները լիովին վերականգնել են այդ օրը տեղի ունեցած մարդասպանության դրվագները: Սպանության օրը Օրհան Զեյնալովը գտնվել է սրճարանում: Տուն գնալու ճանապարհին նա եղել է ալկոլհոլի ազդեցության տակ: Ճանապարհին հանդիպել է Եգոր Շերբակովին և նրա ընկերուհուն, որոնց սկսել է վիրավորել: Եգորը, պաշտպանելով իր ընկերուհուն, վեճի է բռնվել նրա հետ»,-այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ի Քննչական կոմիտեյի ղեկավար Վադիմ Յակովենկոն:
Նրա խոսքով` վիճաբանությունից հետո Զեյնալովը հանել էր դանակը և 3 հարված էր հասցրել Եգոր Շերբակովին, որոնցից մեկը եղել էր սրտի հատվածում:
«Ներկայումս իրականացվել է համալիր հետաքննություն: Չնայած այն հանգամանքին, որ մեղադրյալը չի ընդունում իր մեղքը և իր վարկածը, որ ինքը պաշտպանվել է, մի շարք հավաքված ապացույցների արդյունքում հերքվել է»,- հավելել է Վադիմ Յակովենկոն:
Հիշեցնենք, որ Բիրյուլյովում հոկտեմբերի 11-ին 25-ամյա Եգոր Շերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի 30-ամյա Օրհան Զեյնալովին ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կարողացել էին ձերբակալել նրա հարազատների օգնությամբ:
Դատավարության ժամանակ մարդասպանը հայտնել էր, որ ինքը չի սպանել Շերբակովին՝ չնայած նրան, որ ավելի վաղ՝ հարցաքննության ժամանակ, ընդունել էր մեղքը: