Այսօր աշխարհը գործ ունի իր ուժերին չափազանց վստահ մի երկրի հետ. թուրքագետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը: Եթե ընդունենք, որ այդ զրույցի ժամանակ խոսվել է Ցեղասպանության ճանաչման մասին, ապա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին սա ակնառու երևույթ է:
«Էրդողանի ավտորիտար ռեժիմը խնդիրներ է առաջացնում Եվրոպայում: Ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի՝ վերջին շրջանում դրսևորած դիրքորոշումը հենց սրանով էլ պետք է բացատրել: Թե ինչ զարգացումներ կլինեն՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս ընթացքում ականատես կլինենք որոշակի գործընթացների»,- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիան ֆինանսական, հասարակական և դիվանագիտական լուրջ միջոցներ է ներդնում: Այդ երկիրը միջազգային հանրության շրջանում տպավորություն է ստեղծում, թե Հայաստանի հետ հարաբերությունները հարթելու ճանապարհին է: Դրա վկայությունն է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքի շրջանակներում Երևան ժամանելն, այնինչ Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ հայ-թուրքական գործընթաց, որպես այդպիսին, չկա:
«Կարծում եմ՝ հստակ քայլերի անհրաժեշտություն կա»,- վերջում, ամփոփելով ելույթը, ասաց թուրքագետը և ավելացրեց, որ այսուհետ ևս Թուրքիան փորձելու է գործոն դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, սակայն խնդրով զբաղվող կողմերը երբեք նման բան թույլ չեն տա: «Գծված սահմաններ կան, և Թուրքիան չի կարող անցնել այդ սահմանները: Միաժամանակ, այդ երկիրը անկանխատեսելի է դառնում անգամ իր գործընկերենրի համար: Իսկ դա բերում է վստահության պակասի: Այսօր աշխարհը գործ ունի իր ուժերին չափազանց վստահ մի երկրի հետ»: