Գյուլի համար նորություն չէր Օլանդի դիրքորոշումը. թուրքագետ
Թուրքիայի իշխանությունները երկրի ներսում և դրսում խնդիրներ ունեն, որոնք սկսվել են Գեզիի դեպքերից և շարունակվում են «Մեծ կաշառք» սկանդալային գործողություններով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը, Օլանդի հետ հանդիպումից հետո, Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հուսահատ մարդու կոչ էր»,-ասաց թուրքագետը:
Նրա խոսքով` երբ լրագրողը Ցեղասպանության վերաբերյալ հարց հնչեցրեց, Գյուլը հաստատեց, որ իրենք խոսել են այդ թեմայի շուրջ։ Այսինքն Թուրքիայի նախագահի համար նորություն չէր Օլանդի դիրքորոշումը և իրեն միայն մնում էր հաշտվել դրա հետ:
«Գյուլին ոչինչ չէր մնում, բացի հին խոսքերը կրկնել՝ «պատմությունը թողնել պատմաբանների քննարկմանը։» Գյուլի այս խոսքերն ուղղակի հուսահատ մարդու կոչ էր»,-նշեց թուրքագետը։
Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Օլանդի հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահի լռությունը խոսում է այն մասին, որ Թուքիան երկրի ներսում և դրսում խնդիրներ ունի: