Մորուքով կին էլ կերգի, կրծկալով տղամարդ էլ. Եվրատեսիլյան կրքեր. ի՞նչ կարծիք ունեն մեր հայրենակիցները
Եվրատեսիլի շուրջ հետաքրքրությունը երբեք էլ քիչ չի եղել, սակայն այս տարի այն առավել շատ է քննարկվում: Աշխարհի մի շարք երկրներում բոյկոտում են Եվրատեսիլ 2014-ը, 12 երկիր, այդ թվում`Լյուքսեմբուրգը, Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան արդեն հրաժարվել են մասնակցել մրցույթին: Բացի տնտեսական խնդիրները, որ ունեն երկրները, Եվրատեսիլի շուրջ բողոքի ալիք է բարձրացել Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստի պատճառով: Մենք` հայերս, չնայած մեր ավանդական հայացքներին, այս հարցում կարծես թե ավելի հանդուժող գտնվեցինք: Ամեն դեպքում, մեծ բողոքի ալիք այս երևույթը մեզ մոտ չառաջացրեց: Ինչ վերաբերմունք ունեն հայ արվեստագետները Եվրատեսիլ 2014-ին փորձեց պարզել Operativ.am-ի թղթակիցը:
Լիլիթ Ամիրխանյան. արվեստաբան- Ճիշտն ասած տրասվիստի մասին նոր եմ լսում, չգիտեի, որ նման մասնակից է լինելու: Իհարկե դեմ եմ, նման մրցույթի ժամանակ անընդունելի է տրասվիստի մասնակցությունը, որովհետև ողջ Եվրոպան է դիտում և շատ տհաճ է: Համասեռամոլների հանդեպ հանդուրժողականությունը և սա ուրիշ բաներ են: Ճիշտ է արդեն չենք էլ կարող ասել, որ Եվրոպան բեմի վրա արվեստ է ներկայացնում, բայց դա պատճառ չէ, որ նման մասնակից լինի մրցույթում: Ճիշտ են անում, որ բոյկոտում են, թող իրենց կարծիքն ասեն ու աղմուկ բարձրացնեն, թող իմանան, որ շատ երկրներ անհանդուրժողական են այդ հարցի վերաբերյալ:
Նաիրա Ավետիսյան. լրագրող, դասական մեներգչուհի- Եվրատեսիլը ես ի սկզբանե անլուրջ մրցույթ եմ համարում, նույնիսկ գնահատելիս ինչ որ հստակ չափորոշիչներով չեն առաջնորդվում: Զուտ հետաքրքրության համար երկու տարի նայեցի' հասկանալու համար այդ մրցույթի նպատակը, իմաստը, չափանիշները: Կարող եմ վստահեցնել, որ երեքի վերաբերյալ էլ անորոշ կարծիք ձևավորվեց ինձ մոտ և հետագայում կրկին դիտելու ցանկությունս ընդմիշտ վերացավ:
Լալագեհ Եբրահիմյան. դաշնակահար - Իմ կարծիքով արվեստում չպիտի լինի սահմանափակումներ, չնայած կան որոշակի նորմեր: Այս հարցը մի փոքր այլ է, որովհետև Եվրատեսիլում բարձրարժեք արվեստ միգուցե չի ցուցադրվում կամ չի կարևորվում, ինչքան բեմական շոուն և իհարկե երգը: Իմ կարծիքով` այս մրցույթը պատկանում է այն նախագծերին, որտեղ տարիքային սահմանափակում չկա ու սա բարոյական էթիկայից դուրս է, քանի որ երեխաներ էլ են դիտում, ովքեր դեռ ձևավորված չեն և կարող են օրինակ վերցնել իրենց տեսած յուրաքանչյու երևույթ, լինի դա լավ թե վատ:
Հայկ Եղոյան. պարուսույց- Չեմ նայում Եվրատեսիլ, Արամին հավանում են որպես հումորիստ, հաջողություն եմ մաղթում: Ոչ մի տարօրինակ բան չկա, եթե այդ մրցությում հաղթում են ինչ որ հրեշային կերպարներով մարդիկ, եթե կարգին երաժիշտները նույնիսկ մրցութային փուլ չեն անցնում, ապա սպասելի է, որ մորուքով կին էլ կերգի, կրծկալով տղամարդ էլ:
Արամ Հակոբյան. դերասան- Եթե չեն ուզում նայեն, թող անջատեն հեռուստացույցը, ինչ իմաստ կա բոյկոտելու: Ավստրիայի դեմքը այդ երգիչն է, թող այդ երկիրն էլ մտածի իր հեղինակության մասին: Անիմաստ եմ համարում բոյկոտը: Այո տհաճ է, բայց մեզ համար մեր մասնակիցը պետք է լինի կարևոր, ոչ թե ինչ որ տրանսվիստիտ:
Պատրաստեց` Գայանե Շահինյանը