Թուրքիայի վարչապետը երբեք ընտրությունների չի գնացել այսքան ճնշված և թույլ. թուրքագետ
Վերադասավորումները առավել կարևոր են դառնում 2014 թ –ի մարտին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որը հավելեց նաև, որ Թուրքիայի ներքաղաքական կյանքում ներկայումս լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում:
Ըստ թուրքագետի` իշխանությունն ու ընդդիմությունը ընտրություններից առաջ կարծես չափում են իրենց ուժերը: Միաժամանակ, պետք է ասել, որ Ֆեթուլլահ Գյուլենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայքարը տարիների պատմություն ունի. այն նոր չէ: Մոտեցող ընտրությունները Էրդողանի համար ճակատագրական են լինելու, իսկ Թուրքիայի համար՝ խիստ կարևոր:
Հատկանշականն այն է, որ Թուրքիայի վարչապետը երբեք ընտրությունների չի գնացել այսքան ճնշված և թույլ: Նրա ձայները, ամենայն հավանականությամբ, կնվազեն տասը տոկոսով: Մինչդեռ Էրդողանի համար ՏԻՄ ընտրություններում հաղթանակը շատ կարևոր է՝ առաջին անգամ վստահ գնալու այդ երկրում մի քանի ամիս հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններին:
Վերջում Իսպիրյանն իր ելույթն ամփոփելով նշեց, որ Թուրքիայի իշխող վարչակարգի վիճակը, ընտրություններին մեծ թվով քվեներ ստանալու առումով, անմխիթար է երկրի գրեթե ամբողջ տարածքում, և քիչ հավանական է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կրկնի նախորդ ՏԻՄ ընտրությունների արդյունքները: