Առաջին անգամ ժողովուրդն ընտրելու է իր նախագահին, իսկ մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը. Արտակ Շաքարյան
2014թ-ի ընտրությունները տանելու են այն զարգացումներին, թե 2015թ-ին ինչ խորհրդարան կունենան: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խճանկար է, կուսակցությունների արհեստական միավորում, ընդ որում՝ այն իր ուժով միավորում է Էրդողանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Շաքարյանի հաղորդմամբ Թուրքիայի համար 2014-ը բավական բարդ տարի է: Օգոստոսին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններ են՝ դրանց դասական իմաստով: Առաջին անգամ ժողովուրդն ընտրելու է իր նախագահին, իսկ մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Թուրքագետի հավելմամբ` այս տարվա հիմքը դրվեց նախորդ տարի՝ Գեզի այգու ցույցերով, որոնք հարվածեցին Էրդողանի հեղինակությանը: Այս ամենը խոսում է Թուրքիայի իշխանական ճամբարում երկպառակության մասին: Ամենաուժեղ թիմը գյուլենական աղանդի շարժումն է, որը այս օրերին Էրդողանի հետ չի կիսել ինչ-ինչ դիվիդենտներ, և այս պահին նրանք միասին են աշխատում: Էրդողանը գործից ազատեց շուրջ 300 ոստիկանի ու պետերի, որոնք գյուլենական ուղղվածություն ունեին:
Նրա խոսքով` առկա է նաև քրդական կուսակցությունը, որն ուժեղ է քրդական շրջաններում: Ամեն ինչ Ստամբուլի ընտրություններից կերևա, իսկ Անկարայի քաղաքապետի ընտրությունները էական են, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ ով այնտեղ իշխում է, հետագայում իշխանությունը վերցնում է ամբողջ Թուրքիայում:
Վերջին խորհրդարանական երեք ընտրությունների ժամանակ Թուրքիայի հայության մեծ մասը ձայնը տալիս էր ԱԶԿ-ին, առաջին անգամ դա հույս էր, հետո տեսան, որ ԱԶԿ-ն շատ ավելի բաց է ու հանդուրժող: Նույն ԱԶԿ-ի օրենքով թույլատրվեց արտահայտվել, գործածել ցեղասպանություն բառը, խոսվեց իսլամահայության մասին:
Վերջում Շաքարյանը հավելեց, որ Էրդողանի դուրս գալը ԱԶԿ-ից, իրեն՝ Էրդողանին, ևս ձեռնտու է, քանի որ նախագահը պետք է հրաժարվի կուսակցությունից, և ինքը կամա-ակամա պետք է հրաժարվի կուսակցությունից: Էրդողանը փորձում է Սահմանադրությունը փոխել, բայց այդքան աջակցություն չունի: