«Դինքը մահացած էլ մեծ գործ է անում». «Ակոս»-ի հոդվածագիր
Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի հոդվածագիր և թարգմանիչ Սարգիս Սերոբյանը թերթի հիմնադիր-խմբագրապետի սպանության 7-րդ տարելիցի նախաշեմին խոսել է նրա սպանության, պատճառների, հայ համայնքի արձագանքի, հասրակական աջակցության մասին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սերոբյանը համոզմունք է հայտնել, որ Դինքը մահացած էլ մեծ գործ է անում: Հանուն Դինքի տեղի ունեցած քայլերթի ժամանակ փողոցները լցված էին մարդկանցով: Այդ մարդկանց մեծ մասը հայեր չէին, քանի որ եթե Թուրքիայի բոլոր հայերն էլ գային, միևնույն է, այդքան մարդ չէր լինի: «Այդ քայլերթը զարմացրեց և՛ հայկական համայնքին, և՛ թուրքական պետությանը: Եթե իմանային, որ այդպես էր լինելու, նրան չէին գնդակահարի, չէին թողնի, որ գնդակահարեն: Մենք կարծում էինք, որի Հրանտի սպանությունից հետո հայերի շրջանում արտագաղթ կսկսվի: Բայց այդպես չեղավ»,- հայտնել է հոդվածագիրը:
Ըստ Սերոբյանի՝ Դինքի սպանության պատճառներից մեկն էլ «Ակոս» թերթն էր: «Եթե Հրանտը «Ակոսը» չթողարկեր, նրան չէին սպանի»:
Սերոբյանը հավելել է նաև, որ Դինքի սպանությունից հետո կտրուկ աճել է «Ակոսի» տպաքանակը, որը սկզբնական շրջանում եղել է մոտ 3000, իսկ Դինքի մահից հետո հասել է մինչև 50000-ի: «Թուրք ընթերցողը սկսել էր «Ակոսը» փնտրել: Նրանք թերթը գնում էին, որպեսզի այն կարդալով հասկանան, թե ինչու սպանեցին Հրանտին»,- ասել է Սերոբյանը: