Ասեղի ծակոցով կարելի՞ է վարակվել ՄԻԱՎ-ով. պարզաբանում է մասնագետը
Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, ըստ որի Ռուսաստանից Հայաստան ներթափանցած կազմակերպության անդամները, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց՝ վարակում ՁԻԱՀ-ով: Operativ.am-ի թղթակիցը տեղեկության ճշմարտացիությունը ստուգելու նպատակով զրուցեց Ընտանիքի պանավորման և սեռական առողջության կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Նաիրա Վարդանյանի հետ, ով հանգամանորեն ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԻԱՎ-ը և ինչ եղանակներով է հնարավոր վարակվել:
«ՄԻԱՎ-ը դա մարդու իմունային անբավարության վիրուսն է, այսինքն՝ հարուցիչը, որն ախտահանում է իմունային համակարգի բջիջները, իսկ ՁԻԱՀ-ը հիվանդությունն է: Այսինքն ՄԻԱՎ վիրուսն առաջացնում է ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ՝ ՁԻԱՀ:
Վարակումն հիմնականում տեղի է ունենում հետևյալ ճանապարհներով:
1.Սեռական ճանապարհով. բոլոր տեսակի չպաշտպանված սեռական հարաբերությունների ժամանակ:
2.Արյան միջոցով. վարակված մարդու արյան միջոցով: Վարակված արյունը առողջ մարդկանց կարող է փոխանցվել տարբեր ճանապարհներով, օրինակ. ներարկիչների կամ ասեղների միջոցով, չախտահանված տարբեր տեսակի բժշկական և այլ գործիքների միջոցով, որոնք առնչվել են վարակված արյան հետ, ինչպես նաև վարակված արյան կամ նրա բաղադրամասերի փոխներարկման միջոցով:
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում համբույրների, գրկախառնվելու միջոցով, սննդամթերք կամ կենցաղային իրեր համատեղ օգտագործելիս, միջատների խայթոցից, միևնույն լողավազանից օգտվելիս:
Վարակված արյան մեջ թաթախված ասեղով առողջ մարդուն ծակելու դեպքում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը ես գնհատում եմ զրո, քանի որ ասեղն անմիջականորեն կապված է արտաքին միջավայրի հետ, իսկ այս վիրուսն անկայուն է արտաքին միջավայրի նկատմամբ: Բայց երբեք չենք կարող բացառել վարակման հավանականությունը՝ վարակված արյունն առողջ մարդուն ներարկելու ժամանակ: Նշեմ նաև, որ արտաքին միջավայրում այն կարող է պահպանել իր ազդեցությունը կես ժամ, բայց նույնիսկ այդ դեպքում վիրուսը «մահանում» է որոշակի ջերմաստիճանի պայմաններում՝ բարձր ջերմաստիճանի:
ՄԻԱՎ-ով վարակվելուց խուսափելու համար առաջին հերթին պետք է դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ: Մարդը կարող է պաշտպանել իրեն, եթե չունենա պատահական սեռական կապեր, չպաշտպանված սեռական հարաբերություն, օգտագործի պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ՝ պահպանելով օգտագործման կանոնները, չօգտագործի թմրամիջոցներ և օգտագործի մեկանգամյա և միայն ախտահանված գործիքներ ներարկումներ կատարելիս:
Իսկ ինչ վերաբերում է «սպիդ տերորիզմ»-ի մասին կարող եմ նշել, որ այս մասին խոսակցություններ կան շատ երկրներում, բայց կոնկրետ դեպքեր դեռևս չեն գրանցվել, ավելին «սպիդ տերորիզմ»-ը ավելի շատ նման է միֆի»:
Զրուցեց Լուսինե Թադևոսյանը