Իմ մահվան օրը կիջնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա. Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվեց այս օրը
ՄշակույթՄաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում (Երևան) է գտնվող Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այցելուների համար սրբավայրի պես մի բան է դարձել այն պարզ պատճառով, որ այդ տանն ապրել է 20-րդ դարի մեր հաճարեղ բանաստեղծներից մեկը` Եղիշե Չարենցը: Թանգարանն իր այցելուների համար դռները բացել 1975 թվականի այս օրերից: 1964 թվականին էր, որ Խորհրդային Հայաստանի նախարարների խորհուրդը որոշեց այն տանը, որտեղ 1935-37 թթ ապրել էր Չարենցը, դարձնել նրա տուն-թանգարան: 1987-ին` Չարենցի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, շենքի տարածքն ընդլայնվեց: Վերականգնված է մեմորիալ մասը (հուշատուն), իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը:
Ե.Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ' անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ:
Թանգարանը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ և այլն: