Ըստ Էրդողանի՝ հայկական սփյուռքը ցանկանալու է 1915 թվականի դեպքերը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչն իրենք չպետք է թույլ տան
Միջազգային ասպարեզում Թուրքիայի կառավարության ու արտգործնախարարության կողմից իրականացվելիք լոբբիստական գործունեությունը, դիվանագիտական և տնտեսական դիմակայությունը նպատակ ունի պատնեշել հայկական սփյուռքի գործողությունները: Այս մասին գրում է Թուրքական «Հաբեր 7» էլեկտրոնային լրատվականը:
Հիշեցնենք, որ երեկ թուրք դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Էրդողանն անդրադարձել էր 2015-ին: Ըստ Էրդողանի՝ հայկական սփյուռքը ցանկանալու է 1915 թվականի դեպքերը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչն իրենք չպետք է թույլ տան: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նույն լրատվականի հաղորդմամբ՝ Էրդողանի խոսակցությունից հետո պարզ են դարձել մի շարք քայլեր, որոնք կատարվելու են կառավարության կողմից: Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունները ներառում են բազմաթիվ կոնֆերանսներ, սիմպոզյումներ, գրքերի հրատարակումների և վավերագրական նյութերի հետ կապված աշխատանքներ: Աշխարհի բոլոր երկրներում հասարակական կարծիքի վրա ազդող տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպվելու:
Մշակվող ռազմավարության շրջանակներում Թուրքիայի պատմագիտական ընկերությունը աշխատում է «Թուրք-հայկական հարաբերությունների ժողովածու»-ի վրա, որը նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականը:
Հաղորդվում է նաև, որ 2014 թվականի ընթացքում կգումարվեն 14 տարբեր ժողովներ, որոնց նպատակը կլինի ծանոթացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերին: