Թուրքերը ծրագրում են վերանորոգել Սեբաստիայի հայկական Սբ. Գևորգ եկեղեցին
Թուրքական բանակի 5-րդ հետևակային ռազմաուսումնական բրիգադի տարածքում գտնվող հայկական Սբ. Գևորգ եկեղեցին նախատեսվում է վերանորոգել: Այդ մասին «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցին հայտնել են Սեբաստիայի (Սիվաս) նահանգապետարանում: Ստացված տեղեկության համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գիտությամբ և նահանգապետ Զուբեիր Քեմելեքի հրահանգով պատմական հայկական եկեղեցին ենթարկվելու է վերանորոգման և օգտագործվելու է մշակութային նշանակությամբ:
Նահանգապետարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ այժմ ընթանում է եկեղեցին նշյալ ռազմական գտուց դուրս բերելու և տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայության տակ դնելու թղթաբանությունը: Իսկ վերանորոգումը ծրագրվում է իրականացնել առմանը:
Նշյալ եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանատունը, որն ամեն տարի ունենում է բազմաթիվ հայ այցելուներ: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նահանգապետարանի աշխատակիցը գովեստի խոսքեր է շռայլել Թուրքիայի հասցեին՝ ասելով, որ պետությունը հոգ է տանում իր հայ քաղաքացիների սրբավայրերի համար և այդ իմաստով եզակի երկրներից մեկն է: Մինչդեռ հարկավոր է հիշեցնել, որ 1914 թվականին օսմանյան գրանցամատյանների համաձայն' Օսմանյան կայսրությունում հայ համայնքին պատկանող 2.538 եկեղեցի և 451 վանք կար: Այսօր դրանց մեծ մասը չկան: Ինչպես Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր ահանզագել, 1910 թվականին Թուրքիայի տարածքում 2200 գործող հայկական եկեղեցիներից այսօր մնացել է 45-ը: