«Հայերի սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք». Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է դեսպանների 6-րդ համաժողովի մասնակիցներին: Դեսպանների պատվին տրված ընթրիքի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայկական սփույռքի նախաձեռնությունների մասին:
Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ' էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ նրա' Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել:
Հիշեցնենք, որ թուրք դեսպանների հետ հանդիպել էր նաև Թուրքայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերջինս նույնպես անդրադարձել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ նշելով, թե հավանականություն կա, որ Թուրքիան կարող է բացասական լույսի ներքո ներկայացվել միջազգային ասպարեզում: Գյուլը թուրք դեսպաններին մասնավորապես հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և դրական լույսի ներքո երևա: