Ռուս երգիչն իսկապե՞ս վթարի է ենթարկվել, թե՞ PR էր անում
Համացանցում ակտիվ քննարկում առաջացրած ռուս երգչի' ԱՄՆ-ում ավտովթարի ենթարկվելու հանգամանքը որոշ լրատվամիջոցներ և բլոգերներ սկսել են շահարկել: Բանն այն է, որ վերջիններս գրում են, թե Վորոբյովը, ով տարածված լուրերի համաձայն գրեթե ոչինչ չի հիշում, չի աշխատում նրա ձախ ձեռքը, ստացել է գանգ-ուղեղային վնասվածք, իրականում իր PR-ն է անում: Նույնիսկ, այն լուսանկարը, որը տարածվել է (Վորոբյովը` հիվանդանոցում), անհավատներին չի ստիպում հավատալ, որ Վորոբյովը իսկապես հիվանդանոցում է: Սակայն, երգչի պրոդյուսերը' Կատերինա Ֆոն Գեչմեն-Վալդեկը հայտարարել է, որ նման քննարկումներն Ալեքսեյի ծնողներին բարկացնում են և իրականությանը չեն համապատասխանում:
Մի քանի լրատվամիջոց լուրեր են տարածել, թե Վորոբյովի վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն, մինչդեռ մյուսները գրում էին, որ բժիշկները վախեցել են վստահեցնել, որ նա ամբողջությամբ կապաքինվի:
Երգչի պրոդյուսերը գրում է. «Մենք փորձում ենք մեզ հեռու պահել մեկնաբանություններ անելուց և տվյալներ տրամադրելուց, որովհետև այդ ամենն ավարտվում է մեր, Ալեքսեի, նրա ընտանիքի հասցեին ուղղված մեղադրանքներով: Այդ ամենն աբսուրդի է հասնում. գրում են, որ դա PR է, որ դիտավորյալ են նրա գլուխը ջարդել»: Եվ առհասարակ, նա խորհուրդ է տվել ավելորդ հարցերով չանհանգստացնել երգչի ծանոթներին ու հարազատներին: