Մազմանյանի վերջին աշխատանքային օրը…
Դեկտեմբերի 28-ին տոնական տրամադրություն է ինստիտուտում:Պատուհանից դուրս եմ նայում:Մազմանյանը ուր որ է պետք է հասնի շենքին:Բնավորությունն իմանալով, գիտեմ, որ դեռ մի կես ժամ ունենք սպասելու:Զարմացա, երբ տեսա մեքենան կանգնեց բակում:Ծանր իջավ, ձեռքին կարմիր նվերների մեծ տոպրակով:Իջա մուտքի մոտ:
-Բարի գալուստ:
Գլխով հաստատեց բարին կամ էլ գալուստը, ու ժպտաց աչքերով, ոնց որ միշտ:Հետո ուշադիր լարեց ականջները:
-Էս ի՞նչ դաշնամուրի ձայն է:
-Հիմա կբարձրանաք կտեսնեք,-ժպտացի:
Վերջին համագործակցությունը, որ ունեցել էինք լեհական «Աշխարհն՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» հայտնի նախագծի շրջանակներում, մեծ ազդեցություն էր թողել ուսանողների եւ անձամբ Աղասիչի վրա: Մինչ Գերմանիայից վերադառնալը գործընկերոջս հետ՝ Անահիտի, որոշել էինք նախագծին բնորոշ Թատերական ինստիտուտի եւ Լոձի կինոդպրոցի անկյունը ստեղծել:Հիմնական ռեկվիզիտը ֆիլմի համար գնված դաշնամուրն էր, որի համար ինքն անձամբ փնտրտուքների մեջ էր ընկել:
Բարձրացանք աստիճանները՝ հետեւից ուսանողներ, աշխատակիցներ:Բոլորին մի պահ ձեռքով կանգ առնել ստիպեց, մոտեցավ դաշնամուրին, ժպտալով նայեց իր կուրսի ուսանող Արսենին, ով էլ նվագում էր դաշնամուրը…Ու առաջին անգամ տեսա՝ ոնց են լցվում Մազմանյանի աչքերը…
-Անուշ…
-Հա, Արմեն Աղասիչ:
-Ոնց որ հետ եմ գալիս կյանք…
Ընդունարանում հերթ էր գոյացել, բոլորն ուզում էին մտնել, ողջագուրվել հետը:Գործավարուհի Սուսաննան բոլորին հերթականությամբ ներս էր թողնում:Ռեկտորատը անսովոր կերպով կարճ տեւեց. բոլորին ինչ-որ նախախնամությամբ գրկեց, ձեռքը սահեցրեց գրադարանի գրքերի վրայով, ու խնդրեց՝ տասը րոպե հանգիստ թողնենք…«Տարին բարդ ու պարտավորեցնող է լինելու»… Վերջին նախադասությունը ռեկտորատի ժամանակ:
Հաշվետվությունները ձեռքիս ներս մտա:
-Սպասի, Ջարեթթի կոնցերտը միացնեմ ու անցնենք հաշվետվությանը:
Սա իր սովորության հիմնական մասն էր:Անահիտին ու ինձ մշտապես ստիպում էր երաժշտության ներքո զրուցել առաջիկա խնդիրների, գործերի ու եղած-չեղածի մասին:
Մինչեւ վերջ չլսեց ծրագրերի մասին:Ասեց, որ տոներից հետո մեկ ամբողջ օր Անահիտի ու ինձ հետ միասին ամեն բան մանրամասն կքննենք:Հետո սեղանի տակից հանեց կարմիր տոպրակը՝ մեջից մի քանի հուշանվեր-հրեշտակներ:
-Ընտրի սրանցից մեկը:
Աչքիս վայրկենական անցան բոլոր նվերները, որոնք պարտադիր մաս էին կազմում ճամփորդությունների, դրանցից մի քանիսը ինչպես ինքն էր սիրում ասել «իր թիմի» համար էին:Ընտրեցի սեւուկին:Նայեց, ծիծաղեց.
-Դուրս թռա հիվանդանոցից:Ասեցի, որ քշեն Գերմանիայի հուշանվերների շուկա:Ամեն բան իրար նման էին՝ մարմարե, նույն գույնի:Անկյուններից մեկում մի սեւամորթ աղջիկ էր:Աղքատիկ սեղանիկին իր ձեռքով պատրաստված էս հրեշտակները:Մոտ գնացի, սկսեցի ռուսերեն քթիս տակ ինչ ասես ասել:Մտածում էի՝ ինչ լեզվով հարցեր տամ:Նեգրուհին նայեց դեմքիս, ժպտաց ու ռուսերենով հարցրեց՝ ինչով կարող է օգնել:Մի հինգ րոպե շշմած կանգնել էի, Անուշ, պատկերացնու՞մ ես՝ Գերմանայի կենտրոնում, հուշանվերների խղճուկ գումարով ապրող նեգր մի աղջկա, ով ռուսերեն խոսել գիտի…Աշխարհն ի՜նչ ա ապրում, չէ՞:
Սեղանին թողեցի հաշվետվության թղթապանակը, սկսեցինք զրուցել:Հետո նորից մենակ ուզեց մնալ:Սենյակը լցվեց ջերմությամբ, երբ ներս մտավ կինը՝ Նինան ու նախկին ուսանողները: Կատակի ու հիշողության մեկ ժամ էր:Հետո կանգնեց մուտքի մոտ, ուղղեց շարֆը, նայեց դուրս, ձեռքին անցկացրեց թզբեհը ու թե.
-Անուշ, էսօր էլ պե՞տք եմ,- ամեն աշխատանքային օրվա վերջին սիրելի նախադասությունն ասեց մի ուրիշ թախիծով:
Էդ պահերին ես ու Անահիտը նայում էինք իրար ու ասում՝ չէ, ամեն բան կարգին է,մինչ վաղը, Աղասիչ…Էս անգամ սիրտս չտվեց.
-Միշտ…Միշտ պետք եք,-ժպտացի:
Շարունակելի
հ.գ. լուսանկարում՝ Գերմանիայից բերված հուշանվեր-հրեշտակը
ԵԹԿՊԻ մամուլի քարտուղար Անուշ Քոչարյան
Սև Մանգուշյան