Օբաման պաշտպանել է Հարվարդի համալսարանը դրամաշնորհները կորցնելուց հետո

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ Հարվարդի համալսարանի ամենահայտնի շրջանավարտներից մեկը, պաշտպանել է իր մայր բուհը, որին կրթության նախարարությունը զրկել է 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կրթության նախարարությունը հայտարարել էր, որ կրճատում է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումը այն բանից հետո, երբ համալսարանի ղեկավարությունը հրապարակայնորեն մերժեց Սպիտակ տան պահանջները կադրային և կրթական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարցրել էր, թե արդյոք Հարվարդը պետք է բացառվի կրթական հաստատությունների համար հարկային արտոնություններից։
«Հարվարդը, մերժելով ակադեմիական ազատությունը ճնշելու այս անօրինական և ամոթալի փորձը, օրինակ է ծառայում ուսանողներին՝ օգուտ բերելու կոնկրետ քայլեր ձեռնարկելիս»,- ասել է Օբաման։
ԱՄՆ նախկին նախագահը հույս է հայտնել, որ իր մայր բուհի օրինակին կհետևեն նաև այլ բուհեր։
Սպիտակ տունն ավելի վաղ պահանջել էր ամերիկյան համալսարաններից պաշտպանություն ապահովել հրեա ուսանողների համար՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ կապված ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունենում։