Երեք ամիս աշխատավարձ չենք ստացել․ եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու․ Անահիտ Ղուկասյան

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը 3 ամիս աշխատավարձ չի ստացել։ Նրանք այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն անդրադառնալով խնդրին ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս»։
Դերասանուհին նշեց, որ 60 տարվա ստաժ ունի և ստանում է 86 հազար դրամ։
«Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։
Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»։