Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը․ Սարիկ Մինասյան

Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վերցրել է Գյումրու ավագանու մանդատը, նշել՝ իր թիմով պատրաստ են քաղաքի համար պատասխանատվություն ստանձնել։
«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին:
Ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով եմ վերցրել Գյումրու ավագանու պատվաբեր մանդատը: Ցանկացած պաշտոն ստորադաս է 17 հազար և ավել գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ: Ցանկացած պաշտոնում երբեք չեմ վախեցել խնդիրներից, խոչընդոտներից ու մարտահրավերներից:
Իմ սկզբունքը մեկն է՝ գործել արդար և վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ՝ հանուն Գյումրու և գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության: Պարզճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ՝ հայտարարում եմ՝ չեմ փախչում ոչնչից, Գյումրին իմ տունն է իրականում, ես երբեք չեմ դադարել և չեմ դադարելու ծառայել գյումրեցուն՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:
Մեր թիմը` ավագանու 14 անդամներս, պատրաստ ենք ստանձնել քաղաքի համար պատասխանատվություն: Պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր խոսքի և քայլի համար:
Ի գո՛րծ, իմ սիրելի գյումրեցիներ»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրու ավագանու ընտրված անդամները գրանցվել են։
Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել՝ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։