ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում. Կայա Կալաս

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ, որը կներառի ստվերային նավատորմը և այլ տարրեր: Նախատեսվում է դրա շուրջ համաձայնության գալ մայիսին։ Այդ մասին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ մեծ փաթեթի նախագծի շուրջ քննարկումներին տեսակապի միջոցով մասնակցել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, որը «պահանջել է պատժամիջոցներ սահմանել ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարման և միջուկային արդյունաբերության նկատմամբ»։ Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն, սակայն, հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին էներգամատակարարման ոլորտում։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մամուլի ասուլիսում հայտարարել է նաև, որ ԵՄ երկրները 2025 թվականի համար Ուկրաինային հատկացրել են 23 միլիարդ եվրո ռազմական օգնություն, մինչդեռ անցյալ տարի ԱՄՆ-ի հետ միասին Կիևը ստացել է մինչև 40 միլիարդ եվրո, 20 միլիարդը՝ ԵՄ-ն, 20-ը՝ ԱՄՆ-ն: