Էստոնիայի օրենքներից մեկի փոփոխությունը թույլ կտա զինվորականներին հարձակվել վտանգ ներկայացնող քաղաքացիական նավերի վրա

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հաստատել է պաշտպանության ուժերի և տնտեսական գոտու կազմակերպման մասին օրենքներում փոփոխությունները, որոնք զինվորականներին իրավունք են տալիս հարձակվել քաղաքացիական նավերի վրա, եթե նրանց գործողությունները դիտարկվեն սպառնալիք Բալթյան հանրապետության կարևոր օբյեկտների՝ կարևոր ենթակառուցվածքների, պաշտպանական օբյեկտների, նավահանգիստների և այլ կառույցների համար: Այդ մասին հայտնել է ազգային ERR հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ օրենքը հաստատվել էր խորհրդարանում:
ՌԴ նախագահի օգնական, ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը էստոնական օրենքը նողկալի է անվանել և նշել է, որ անհրաժեշտ է այդ նախաձեռնությանը հակազդելու միջոց գտնել:
Էստոնիայի իշխանությունները ուրբաթ վաղ առավոտյան Էեգնա կղզու մոտ՝ Տալլինի ծոցից դուրս, ձերբակալել են նավթատար նավ, որը համարվում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս։
Kiwala անունով նավը, որը նախկինում արժանացել է ԵՄ-ի և Կանադայի, Շվեյցարիայի ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին, ուղևորվելիս է եղել դեպի Ռուսաստանի Ուստ Լուգա նավահանգիստ։
Նավը չունի պետական դրոշ, ինչը նշանակում է, որ այն ազատ ծովերում նավարկելու իրավունք չունի։