ԱՄՆ երկրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

ԱՄՆ հարվածային խումբը՝ USS Carl Vinson միջուկային ավիակրի գլխավորությամբ, մտել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ենթակայության գոտի, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում գործողությունների համար։
Խումբը պետք է աջակցի USS Harry Truman ավիակրին՝ Եմենի հութի ապստամբների դեմ գործողություններում։ Carl Vinson-ը ներկայումս գտնվում է Արաբական ծովում։ Ավիակիրները միաժամանակ տարածաշրջանում կլինեն առնվազն մեկ-երկու ամիս։
Հութիների ռազմական օբյեկտների վրա հարձակման համար ապրիլի սկզբին Պենտագոնը Հնդկական օվկիանոսում բրիտանական Դիեգո Գարսիա կղզու բազայում տեղակայել է ընդհանուր առմամբ յոթ B-2A Spirit ռմբակոծիչ, Մերձավորարևելյան ռազմաբազաներ է տեղափոխել A-10 Thunderbolt II հարձակողական ինքնաթիռների խումբ, հինգերորդ սերնդի F-35 կործանիչների խումբ էլ՝ Հորդանան։
Բացի այդ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրամայել է Մերձավոր Արևելք տեղափոխել Patriot հակահրթիռային պաշտպանության և THAAD երկու մարտկոց։ Դրանք տեղակայված են Պարսից ծոցում՝ Կատարի և ԱՄԷ-ի բազաներում, մեկ THAAD մարտկոց էլ՝ Իսրայելում։