«Վտանգի տակ ենք բոլորս». արցախցիները կոչ են անում միանալ պայքարին (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունը կայացնում է որոշումներ, որոնք ոչ հայանպաստ են, ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։
«Մենք՝ որպես հանրություն, որպես ազգ, պետք է գնանք այն իրավունքների հետևից, որոնք կապված են մեր հայ լինելու, հայ ապրելու հետ։ Իշխանությունը ժամանակավոր է, մենք ենք այստեղ ապրողը, մենք են մեր իրավունքների տերը»,- ասաց նա։
Իսրայելյանը նշեց՝ Հայաստանի ներկա իշխանության պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում։
«Մենք Արցախում ապրելու ժամանակ ընդամենը երկու հարց ենք ունեցել՝ ինքնորոշումը և հետագա կարգավիճակը։ Իսկ Արցախը կորցնելուց հետո կետերը հասել են 12-ի, որպեսզի վաղն այդ հարցերը 24 կետ չդառնան, արցախցիներով դուրս ենք եկել հայ ժողովրդին կոչ անելու, որ գան, միանան, քանի որ սա միայն Արցախի հարց չէ, ընդհանուր հարց է, սա ազգային հարց է։ Վտանգի տակ ենք բոլորս»,- նշեց նա։