Արթիկ համայնքում շահագործման է հանձնվել 4 մանկապարտեզ

Արթիկ համայնքում շահագործման է հանձնվել 4 մանկապարտեզ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ ծրագրի Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ:
Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը երկհարկանի է, հիմնանորոգման գումարը կազմել է 243 միլիոն 768 հազար դրամ։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Թիվ 4 մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 10 մլն 414 հազար դրամ։ Մանկապարտեզը գործելու է 4 խմբով և նախատեսված է 110 երեխայի համար:
Արթիկ համայնքի թիվ 3 մանկապարտեզը գործելու է 4 խմբով՝ 120 երեխայի համար։ Հիմնանորոգման գումարը կազմել է 223 մլն 144 հազար դրամ՝ տրամադրվել է Կառավարության կողմից։ Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 531 հազար դրամ։
Նորաբաց թիվ 1 մանկապարտեզը նորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում։ Հիմնանորոգման գումարը կազմել է 199 մլն 230 հազար դրամ, գումարի 149 մլն 422 հազար դրամը պետությունն է հատկացրել։ Այս Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 84 հազար դրամ գումար։
Լեռնակերտ բնակավայրի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն 32 հազար դրամ, որից 69 մլն 24 հազար դրամը տրամադրվել է Կառավարության կողմից, իսկ 23 մլն դրամը համայնքի ներդրումն է եղել։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար նախատեսվել է 7 մլն 243 հազար դրամ։ Նախատեսված է 140 երեխայի համար։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողություններին:
«Այսօր մեզ համար ուրախալի օր է, քանի որ Արթիկ համայնքում միաժամանակ 4 մանկապարտեզ է բացվում: Դրանք համալրված են նաև նոր գույքով։ Ես այսօր հպարտ եմ և լիահույս, որ Հայաստանի Հանրապետության ապագան շատ ավելի պայծառ և լավն է լինելու, որովհետև մեր երեխաները գնալու են նման մանկապարտեզներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր երեխաներն արժանի են լավագույնին»,-շնորհավորելով ներկաներին՝ նշել է Շիրակի մարզպետը: