Ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը հայտնաբերվել է Գյումրիում

Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստանում, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։
Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնում են Գյումրի և պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։