Իրավապահները դեռ չեն պարզել՝ ո՞ր ոստիկանի գործողություններից է վնասվածք ստացել Գեղամ Մանուկյանը

Արցախի հայաթափման օրերին Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանական բռնի գործողությունների հետևանքով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ վնասվածքներ, մասնավորապես, քթի կոտրված ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրավապահներն ունակ չեն պարզելու, թե որ ոստիկանի հասցրած հարվածի հետևանքով է տուժել պատգամավորը։ Համենայն դեպս, առ այս պահը մեղադրյալ չկա։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերին, երբ ադրբեջանական ԶՈՒ-երը կրկին պատերազմ էին հրահրել ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ, քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ՀՀ իշխանություններից գործուն քայլեր իրականացնել։ Գործուն քայլեր այդպես էլ չի իրականացվել, արդյունքում՝ Արցախում փաստացի էթնիկ զտում է իրականացվել, փոխարենը, ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցը ցրելու համար ոստիկանությունն անգամ հատուկ միջոցներ էին կիրառել։ Ոստիկանական բռնությունների հետևանքով տուժել են մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը քթի կոտրվածք էր ստացել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2023թ․ նոյեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ բռնության գործադրմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
«Նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»,- նշել են դատախազությունից։Սա փաստացի վկայում է, որ նախաքննական մարմինը կամ ցանկություն չունի, կամ անկարող է բոլորի աչքի առաջ կատարված հանցագործությունը բացահայտել։