Իսրայելական հարձակումներից Գազայում մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվել

Իսրայելական բանակի օդային և հրետանային ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 60 զոհ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն:
Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում գրանցվել է 58 զոհ և 213 վիրավոր։
Գազայում կառավարական լրատվական գրասենյակը հայտնել է, որ ևս մեկ լրագրող է զոհվել. այդպիսով, պատերազմի ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 211-ի։
Գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով աշխարհի բոլոր մեդիա հաստատություններին դատապարտել Իսրայելի կողմից Գազայի հատվածում լրագրողների նկատմամբ իրականացվող հանցագործությունները։
Տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով 15 պաղեստինցի է զոհվել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները կոչ են անում համաշխարհային առաջնորդներին շտապ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում պաղեստինցիներին փրկելու համար:
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել իր հանցագործությունները Գազայում և վերականգնել հրադադարի ռեժիմը։
«Մենք միշտ լինելու ենք մեր ժողովրդի կողքին Գազայում, Սիրիայում և Լիբանանում։ Տարածաշրջանի քարտեզը վերագծելու Իսրայելի նպատակները չեն իրականացվելու», - ասել է նա:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 810 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 688-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։