Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո` ապրիլի 1-ին, Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ կիրակի օրը Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպով պայմանավորված։
Գյումրիում ավագանու ընտրությունների օրը, միջադեպ էր տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Երբ լրագրողը մանդատը վայր դնելու պահանջ էր հնչեցրել՝ Գաբրիելյանն ասել էր. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։
Հիշեցնենք՝ Վիլեն Գաբրիելյանը ապրիլի 1-ին նշել էր, որ Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին և պաշտոնապես հայտարարել էր, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը: