Տիգրան Խաչատրյանը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, որն ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ալեքսանդր Թիմանը, որն առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:
Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իվա Պետրովային այս ուղղությամբ ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, որ պարոն Թիմանի առաջնորդությամբ ձևավորված համագործակցությունը ևս կլինի շարունակական:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող բազմաթիվ հարցեր: ԱՄՀ պահուստային 5-րդ ծրագրի ներքո սահմանված միջոցառումների համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել սահմանված թիրախների ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև տնտեսական ակտիվության պահպանման տեսանկյունից այլ էական ուղղություններով ընթացիկ բարեփոխումներին: