Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանատան մուտքի հարակից տարածքում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին կատարած սպանության համար մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:
Այս մասին հայտնում են դատախազությունից՝ հիշեցնելով, որ դատախազը, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակներում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վ.Թ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից սպանություն և մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկայի գործադրմամբ խուլիգանությունը):
Վ.Թ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը: