Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստանում առավել լայն տարածում կունենա. ԲՏԱ նախարար

Շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան Հայաստանում առավել լայն տարածում կունենա. ցանցերի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված հերթական կարևոր քայլն արված է:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Վիվա Արմենիա» ընկերությանը 10 տարի ժամկետով տրամադրվել են 2300-2350ՄՀց և 2350-2400ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածներ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիան առավել լայն տարածելու համար։ Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2.5 միլիարդ ՀՀ դրամ։
««Վիվա Արմենիա» ընկերությունը ստանձնել է հետևյալ պարտավորությունները՝ 3 տարում՝ մայրուղիների 98 տոկոսը ծածկել շարժական ինտերնետով, դրանցից առնվազն 10 տոկոսը՝ 5G տեխնոլոգիայով: Յուրաքանչյուր նոր մայրուղի՝ շահագործումից հետո 3 տարում՝ 98 տոկոսը շարժական ինտերնետով, 10 տոկոսը՝ 5G-ով: 3 տարում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքների տարածքի 20 տոկոսը՝ 5G-ով, Ինժեներական քաղաք, Զվարթնոց, Գյումրու, Կապանի օդանավակայանները և բոլոր սահմանային գործող և նոր մաքսակետերը ծածկել լիարժեք 5G ծածկույթով: Ինչպես նաև 5 տարում՝ վերոնշյալ 4 քաղաքների 40 տոկոսը՝ 5G ծածկույթով, իսկ Ակադեմիական քաղաքի ամբողջ տարածքը՝ 5G-ով: 7 տարում՝
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքային բնակավայրի 60 տոկոսը ապահովել՝ 5G տեխնոլոգիայով»,- գրել է նախարարը:
Հայրապետյանը նշել է, որ այս քայլը նշանավորում է նոր փուլ Հայաստանի թվային զարգացման ճանապարհին։