Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին. Արթուր Հովհաննիսյան

Գյումրիում Սերժի և Քոչարյանի «դուստր» թեկնածուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը, և իհարկե Մարտուն Գրիգորյանը վերահաստատեցին, որ «խաբեբա են և քցող»` հաստատելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պնդումն առ այն, որ այս մարդիկ փորձում են խաբեությամբ քվեներ գողանալ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին:
Իսկ մենք տեր ենք մեզ տրված շուրջ 17.000 քվեների ու շարունակելու ենք աշխատել՝ հանուն Գյումրու զարգացման, գյումրեցու բարեկեցության ու անվտանգության»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին, իսկ այսօր արդեն Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ «Մեր քաղաքը» դաշինքը Վարդան Ղուկասյանին կտա անհրաժեշտ քանակությամբ քվե, որպեսզի վերջինս ընտրվի Գյումրու քաղաքապետ: