Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուր. Ֆիդան

Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարությունների հանդիպման շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել Reuters-ին: Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին խոսելուց բացի, Ֆիդանն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանին, հատկապես Իրանին ուղղված ԱՄՆ սպառնալիքին:
«Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուր։ Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա: Մենք չգիտենք, թե նման հարձակումն ինչի կարող է հանգեցնել»,- ասել է թուրք դիվանագետը։
Թուրքիան չի ցանկանում հակամարտություն Իսրայելի հետ Սիրիայում, քանի որ այնտեղ Իսրայելի կրկնվող հարվածները ռազմական օբյեկտների վրա խարխլել են նոր կառավարության կարողությունը՝ զսպելու սպառնալիքները, ասել է Ֆիդանը։ Նա նշել է, որ Իսրայելի գործողությունները Սիրիայում, որտեղ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կառավարությունը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, նպաստում են ապագա տարածաշրջանային անկայունությանը։
Եթե Դամասկոսի նոր վարչակազմը ցանկանա «որոշակի փոխհամաձայնության» հասնել Իսրայելի հետ, որը, ինչպես Թուրքիան, Սիրիայի հարևանն է, ապա դա նրանց գործն է, հավելել է նա։
Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին՝ Ֆիդանը նշել է, որ Կիևի և Մոսկվայի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր «դժվար կլինի մարսել» կողմերի համար, սակայն այն ավելի նախընտրելի կլինի, քան շարունակվող մահերն ու ավերածությունները։ Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցում է ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղությամբ, սակայն դա հեշտ չէ, քանի որ կողմերը «մի փոքր հեռու են» համաձայնության հասնելուց։
Հարցին, թե արդյոք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարող են բավարար լինել, Ֆիդանը նշել է, որ Եվրոպան միայնակ չի կարող ապահովել այդ երաշխիքները՝ առանց ԱՄՆ-ի աջակցության, սակայն հավելել է, որ անհրաժեշտ է զսպող գործոն, որպեսզի պատերազմը չվերսկսվի։
Թրամփի՝ անդրատլանտյան անվտանգության վերաբերյալ քաղաքականության փոփոխությունների մասին հարցին ի պատասխան՝ Ֆիդանը նշել է, որ դա կարող է հնարավորություն տալ Եվրոպային ավելի ինքնուրույն դառնալու՝ սառը պատերազմից ի վեր ԱՄՆ-ի «հսկայական կախվածությունից» հետո։