Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկների մատակարարում՝ մոտ 400 հիվանդի համար. Ավանեսյան

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորում մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհրաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, արդեն շուրջ 20 տարի է՝ ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում հեմոֆիլիայով հիվանդներին՝ տրամադրելով դեղորայք։
Հայաստանի կենտրոնը առաջնային տեղ է զբաղեցնում նորագույն բուժման միջոցների, հատկապես մոնոկլոնալ հակամարմինների (էմիցիզումաբ) կիրառման առումով։
Այն շուրջ երկու տասնամյակ կայուն գործընկերային հարաբերություններ է զարգացրել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ՝ ձևավորելով նաև ջերմ կապեր բժշկական թիմի և հեմոֆիլիայով ապրող անձանց միջև։
Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկների մատակարարում՝ մոտ 400 հիվանդի համար։ Այս պահին 46 մանկահասակ երեխաներ ստանում են էմիցիզումաբով տնային կանխարգելիչ թերապիա:
Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել 5-ամյա հուշագիր, որտեղ կարտացոլվեն ոլորտային առաջիկա ծրագրերը: