Դեսպան Նատալի Շուարդը դեսպան Տոլմաջյանին է ներկայացրել DCAF-ի՝ Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը

Ժնև ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից:
Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի անվտանգության ոլորտի թափանցիկ կառավարման և վերահսկողության խթանման ուղղությամբ DCAF-ի աջակցությունը։
ՀՀ դեսպխնը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը DCAF հիմնադրամի խորհրդին դրա ստեղծման օրվանից արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանելու ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգումը անվտանգության ոլորտում:
Դեսպան Ն․ Շուարդը ներկայացրել է DCAF-ի ընթացիկ նախաձեռնություններն ու Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ խաղաղության և արդարության խթանման ընդհանուր տեսլականի հիման վրա:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխադարձ համաձայնությունը հետագայում արդյունավետ համագործակցությունը պահպանելու և խորացնելու հարցում։