Լավրովն ու Գալագերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը

Վատիկանի միջազգային գործերի քարտուղար Ռիչարդ Գալագերն ապրիլի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը: Այս մասին ասվում է Սուրբ Աթոռի հայտարարության մեջ:
«Քննարկման ժամանակ արծարծվել են հարցեր, որոնք վերաբերել են համաշխարհային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին: Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում պատերազմին և մի քանի նախաձեռնությունների, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Գալագերը վերահաստատել է «Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ շարունակելու իր հումանիտար ջանքերը՝ կապված ռազմագերիների փոխանակման հետ»։
Լավրովն ու Գալագերը նաև կարծիքներ են փոխանակել կրոնի հետ կապված հարցերի շուրջ։ Մասնավորապես, քննարկվել է Ռուսաստանի Դաշնությունում կաթոլիկ եկեղեցու հետ կապված իրադրությունը։