Մարտուն Գրիգորյանը նստած սպասում է, որ ՔՊ-ն ասի` արի, դարձիր քաղաքապետ. Հովիկ Աղազարյան
Ես մնում եմ իմ կարծիքին, որովհետև շատ մեծ խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նախկինում իր արտահայտած տեսակետին, թե Գյումրում Մարտուն Գրիգորյանը և ՔՊ-ն կհամագործակցեն եւ քաղաքապետ կդառնա Մարտուն Գրիգորյանը:
«Մի կողմից Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ՔՊ-ն չի ունենալու քաղաքապետ, մյուս կողմից չի ուզում ասի, թե ոնց է օժանդակելու այդ խնդրին։ Հետևաբար, որ անալիզ ես անում, պարզ հասարակ հետևություն է, որ ինքը նստած է իր համապատասխան տեղը և սպասում է բարձրաստիճան որևէ ՔՊ-ական պաշտոնյայի զանգին, որ պիտի իրեն առաջարկեն, որ ինքը դառնա Գյումրիի քաղաքապետ: Դա ակնհայտ է։
Ես համոզված եմ, որ ինքը սպասում է: Հետո թե ինչ կլինի, ինչ չի լինի, դա ուրիշ հարց է։ Ես նաև գիտեմ, որ ՔՊ-ն այդքան մտքի թռիչք չի ունենա, որ գնա այդ քայլին, որովհետև այդ դեպքում էլ կասեն՝ «ըհը, բայց որ ասում էինք Նիկոլը Սերժի մարդն ա»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Նա նաեւ հավելեց, որ եթե իրականում ՔՊ-ն մտածում է, որ պետք է Գյումրիում իշխանություն ձևավորվի քիչ, թե շատ ընդունելի չափանիշներով, ապա կարելի է գնալ այդ քայլին. «Կգնան, թե չեն գնա, չգիտեմ, բայց որ Մարտուն Գրիգորյանը սպասում է այդ առաջարկին, դա ակնհայտ է։ Ոչ թե Մարտուն Գրիգորյանը միանա իշխանությանը և Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ, այլ ինքը սպասում է, որիշխանությունը ասի՝ արի դու դարձիր քաղաքապետ»,- իր խոսքն ամփոփեց ԱԺ պատգամավորը: