Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Սոֆիա Զախարակիին է ներկայացրել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը

Ապրիլի 3-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նորանշանակ նախարար Սոֆիա Զախարակիի հետ:
Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սոֆիա Զախարակիին նախարարի նշանակման կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։
«Կողմերը քննարկեցին կրթության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու հնարավորությունները։ Անդրադարձ եղավ Հունաստանում, մասնավորապես Աթենքի և Կոմոտինիի համալսարաններում, հայոց լեզվի և հայագիտության դասավանդման արդեն մեկնարկած ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում հունարեն լեզվի զարգացման ծրագրերին, մասնավորապես Երևանի պետական համալսարանում և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց հայաստանցի ուսանողների համար հին հունարենի դասավանդման հնարավոր տարբերակներ քննարկելու առաջարկություն։
Քննարկվեցին կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացները համապատասխանաբար Հայաստանում և Հունաստանում։
Նախարար Զախարակին նշեց, որ այդ թվում և կրթամշակութային հիմնադրամների, օրինակ Ստավրոս Նիարխոսի կամ Օնասիսի հիմնադրամների, միջոցով Հունաստանը մեծ փորձ ունի այդ ուղղությունները միատեղելու։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ԿԳՄՍ կողմից այս ուղղությամբ արձանագրած որոշ նախագծեր և առաջարկեց առաջիկա բարձրաստիճան այցելությունների ընթացքում դիտարկել հունական փորձը։
Դեսպանը ներկայացրեց նաև կառավարության նախաձեռնած Ակադեմիական քաղաք նախագծի հայեցակարգը:
Քննարկվեցին առաջիկայում բարձրաստիճան այցելությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը կրթության և գիության ոլորտներում ընդլայնելու հեռանկարները»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։