Խեղճ ժողովուրդն օրական 3-4 հազար է ստանում, ո՞նց այդ փողով եւ տան վարձ տա, եւ ապրի. արցախցի տատիկ
Խեղճ ժողովուրդն օրական 3-4 հազար դրամ է ստանում, ո՞նց այդ փողով եւ տան վարձ տա, եւ ապրի: Այսօր Կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի մի տատիկ:
«Պալատկաները վերցնենք գանք, Կառավարության դիմաց դնենք, ապրե՞նք: Ամսական 150 հազարով երեխուն պահե՞նք, թե՞ տան վարձ, թե՞ մյուսները ապրեն: Էս խեղճ ժողովրդի հարցն արագ պիտի լուծվի: Էս տարիքումս եկել ընկել եմ Հայաստանի փողոցները՝ տղայիս գերեզմանն էլ Արցախում թողած: Մյուս տղաներս էլ 4 կռվի մասնակից են եղել ու իրենց ոչ մի գնահատող չկա»,- ասաց տարեց կինը:
Նշենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հրավիրել են հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու պահանջները: Արցախցիները պահանջում են շարունակել իրենց տրամադրել 40+10 աջակցությունը: