Ռուբիոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահեցրել է դաշնակիցներին, որ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ին դեմ չէ, և որ ԱՄՆ-ն կմնա դաշինքում, բայց նա նաև խնդրել է իր գործընկերներին զոհաբերություններ անել և պաշտպանական ծախսերը հասցնել 5%-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։
Մարկո Ռուբիոն՝ որպես ԱՄՆ պետքարտուղար Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ իր առաջին հանդիպմանը վստահեցրել է ԱՄՆ-ի հավատարմությունը ռազմական անդրատլանտյան դաշինքին՝ հիշեցնելով Դոնալդ Թրամփի ուղերձը, որ եվրոպական երկրները և Կանադան պետք է էլ ավելի մեծացնեն պաշտպանական ծախսերը:
«Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հստակ նշել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին, մենք մտադիր ենք մնալ ՆԱՏՕ-ում», - Բրյուսելում լրագրողների հետ զրույցում նշել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ դաշինքն ավելի ուժեղ լինի ցանկացած հնարավոր սպառնալիքի դեմ։
«Միակ ճանապարհը, որով ՆԱՏՕ-ն կարող է դառնալ ավելի ուժեղ և ավելի կենսունակ, այն է, որ մեր գործընկերները, պետությունները, որոնք այս կարևոր դաշինքի կազմում են, ունենան ավելի մեծ կարողություններ», - ավելացրել է նա:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ ակնկալում է, որ մինչև իր հեռանալը Բրյուսելից դաշնակիցները պարտավորություն կստանձնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ը տրամադրելու պաշտպանությանը. ներկայում պաշտպանական ծախսերը կազմում են 2%, սակայն որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Իտալիան և Իսպանիան, դեռևս չեն կարողանում հասնել այդ շեմին:
ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ Եվրոպայի սրտում լայնածավալ պատերազմը վկայում է այն մասին, որ «կոշտ ուժը դեռևս անհրաժեշտ է որպես զսպման միջոց»:
Ռուբիոն ընդգծել է, որ պաշտպանական ծախսերը 5%-ի հասցնելը չի կարող կատարվել «մեկ-երկու տարում», սակայն ԱՄՆ-ն այժմ իր դաշնակիցներից պահանջում է իրական առաջխաղացում՝ կառուցելու ավելի ուժեղ ՆԱՏՕ, որը կարող է պաշտպանել իր տարածքները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները վերջերս պարտավորվել են ապահովել պաշտպանական ծախսերի ամենամեծ աճը Սառը պատերազմի ավարտից ի վեր, թեև նա համաձայն է ԱՄՆ-ի հետ, որ պետք է ավելին անել:
Նա նաև զգուշացրել է, որ Դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգության սպառնալիքներն ավելի ու ավելի են փոխկապակցված, և որ ռուսական սպառնալիքը կպահպանվի երկար տարիներ։