Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Լե Թու Հայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Տիկին Լե Թու Հայը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: