«Շանտաժ է արել, հայհոյել եմ»․ Վիլեն Գաբրիելյան

Մանդատը դնելն իմ որոշումն է՝ որպես գիտակից և խելամիտ մարդ: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը։
«Իմ պահվածքը վայել չէր ԱԺ պատգամավորին։ Տեղեկություն չունեմ՝ կուսակցությունում քննարկվե՞լ է, թե՞ չէ, բայց ըստ տրամաբանության, եթե ես լինեի վարչության անդամ և կուսակցական ընկերներից որևէ մեկը նույն վարքը ցուցաբերեր, ես կքննարկեի իր հարցը վարչությունում։ Դրա մեջ վատ բան չկա»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը՝ պնդելով, որ մանդատից հրաժարվում է իր որոշմամբ, այլ ոչ թե Փաշինյանից համապատասխան SMS ստանալուց հետո։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին Գյումրիում գտնվող և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վիլեն Գաբրիելյանը հայհոյանքով էր խոսել իրեն մոտեցած լրագրողի հետ։ Այնուհետ, երբ լրագրողները նրան հանդիպել էին ՔՊ նախընտրական շտաբի մոտ փորձել էին պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք պատրաստվում է մանդատը դնել և ներողություն խնդրել լրագրողից, այդ զրույցը վերածվել էր լեզվակռվի։ Նա միայն հաջորդ օրը ֆեյսբուքում գրառում կատարեց՝ ներողություն խնդրեց և հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։
Հարցին՝ արդյո՞ք ինքն իրեն մեղավոր չի համարում, Գաբրիելյանը պատասխանել է. «Իմ սխալն այն էր, որ ԱԺ պատգամավորին ալկոհոլի ազդեցության տակ չի կարելի վեճի բռնվել որևէ մեկի հետ:
Ոչ, բացարձակ չեմ զղջում հայհոյանքի համար, որովհետեև, ըստ էության, իրավիճակը, եթե նայեք ու գնահատեք, կհասկանաք, որ հայհոյանքը տեղի է ունեցել ի պատասխան շանտաժի։ Երբ ձեզ ասում են, որ ձեզ ոչ սթափ վիճակում նկարել եմ, վիդեոն կհրապարակեմ, ի՞նչ կասեիք իմ տեղը։ Իհարկե, լավ չէ, որ հայհոյել եմ, բայց չեմ զղջում դրա համար»: Նա հավելել է, որ մեղավոր է համարում և զղջում է, որ իր հայհոյանքը այդքան մարդ տեսել է, բայց «տվյալ անձի պարագայում չի զղջում»։
Գյումրիում տեղի ունեցած սկանդալից հետո լրագրողները ՔՊ-ի նախընտրական շտաբի մոտ Վիլեն Գաբրիելյանից պահանջում էին, որ ներողություն խնդրի, հրաժարվի մանդատից։ Պատգամավորը հետևյալ կերպ էր արձագանքել։ «26-ին իշխանությունը փոխվելու է, էլ խի՞ եմ ես մանդատս վայր դնում», – ասել էր նա:
Ընդդիմությունը կարծում է, որ Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվում է հենց այս մտքի համար՝ Նիկոլ Փաշինյանի պահանջով։ Այսօր Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ՔՊ-ն այնքան է հեղինակազրկվել, որ արդեն գիտակցում են, որ իշխանությունը կորցնելու են։
«Դա ասել եմ լրագրողին, որի նպատակն է, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեռանա իշխանությունից։ Ամեն օր ասում են՝ հեռացեք իշխանությունից, ի պատասխան դա սարկազմ է եղել»,-ասաց նա։
Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարելուն զուգահեռ տեղեկացրել է, որ «զբաղվելու է ՔՊ-ի առողջացմամբ»։ Այսօր էլ առաջարկել է գործընկերներին ստանձնել իր մշակած նախագծերի օրենք դարձնելու գործընթացի շարունակականությունը։
Վիլեն Գաբրիելյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո պատգամավորի պնդումներին անդրադարձել է լրագրող Կորյուն Սիմոնյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, թե իբրև ես իրեն շանտաժ եմ արել, ինչի համար էլ ինքը հայհոյել է ու չի զղջում։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ Վիլեն Գաբրիելյանը անամոթաբար ստում է, իմ կողմից որևէ շանտաժ չի եղել։
Դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ։ Գյումրու տիկնիկային թատրոնում ընտրական տեղամաս կար, Վիլեն Գաբրիելյանը հարբած վիճակում ծիկրակում էր թատրոնի պատուհանից, ես դուրս եկա ու տեսա ճոճվող Վիլեն Գաբրիելյանին, նրան ուղեկցող մի անձի ու 4 ոստիկանի հետ, փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, ու էդ ընթացքում Վիլեն Գաբրիելյանը ինձ ասաց՝ «ինչ ես տենց թարս նայում», ես էդ պահին հանեցի հեռախոսս ու որոշեցի, որ նրա հետ պետք է տեսախցիկի առկայությամբ խոսեմ։
Մի քանի հարց տվեցի, թե ինչու է հարբած, ինչ է խմել, ինչ խնդիր ունի ոստիկանների հետ և այլն, ինչից հետո փորձեցի հեռանալ, սակայն նա ու իրեն ուղեկցող անձը սկսեցին ինձ ու օպերատորիս հետապնդել, հայհոյել։ Նախ ինչ հայհոյել ես, քեզ ես հայհոյել, Վիլեն Գաբրիելյան, երկորդը՝ չփորձես ինձ զրպարտել, թե ես քեզ շանտաժ եմ արել։ Դու Գյումրիում հարբած հասարակական կարգ ես խախտել, ու ես ցանկացած պարագայում այդ տեսանյութը հրապարակելու էի, ինչը արել եմ»: