Բախվել են «Tesla»-ն ու «Honda» մակնիշի մոտոցիկլը. օտարերկրացի մոտոցիկլավարն ու նրա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Անտառային փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Նորայր Մ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրյա քաղաքացու կողմից վարած «Honda» մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և նրա ուղևորը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը:
Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ մոտոցիկլը հաշվառված է «Կվիկ Դել» ՍՊԸ-ի հաշվեկշռում: