Անչափահասներին մեղադրել է իր գառները գողանալու համար, բռնություն գործադրել, առևանգել նրանց

Սևակ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հունվարի 7-ին իրենց՝ Գորիս համայնքի բնակավայրերից մեկում տան բակ է հրավիրել անչափահասներ՝ 2010թ. ծնված Արարատ Փ․-ին և Վահրամ Խ․-ին և նրանց մեղադրել է 5 գլուխ գառները գողանալու համար, սակայն անչափահասների կողմից գողությանը իրենց մասնակցությունը հերքելուց հետո, նրանց կողմից արարքը խոստովանելու նպատակով Արարատ Փ․-ի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելուց անմիջապես հետո, վերջինիս կամքին հակառակ առևանգել է նրան, քարշ տալով տեղափոխել է այլ վայր՝ նույն հասցեի տան նկուղային սենյակ և մոտ 30 րոպե պահել այնտեղ։
Iravaban.net-ը այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Բացի այդ, Սևակ Ղ․-ը նույն օրը գնացել է անչափահաս Վահրամ Խ․-ի բնակության վայր, վերջինիս կամքին հակառակ առևանգել է նրան, քարշ է տվել տան բակ, որտեղ հարվածներ է հասցրել և կրկին քարշ տալով՝ տեղափոխել է այլ վայր՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող, իր կողմից որպես անասնագոմ և պահեստարան օգտագործվող շինություն ու որոշ ժամանակ պահել այնտեղ։
Գործը դատարան է ստացվել փետրվարի 21-ին և մակագրվել դատավոր Հրաչ Դաջունցին։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Դատարանը վճռել է Սևակ Ղ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) նախատեսված հանցանքների կատարման մեջ։
Ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։
Նշանակված պատժին հաշվակցել նրա փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 26 օր ժամկետը և պատիժ սահմանել ազատազրկում՝ 4 տարի 4 ամիս 4 օր ժամկետով։
Սևակ Ղ․-ի նկատմամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։
Դատական ակտը հրապարակվել է մարտի 19-ին։
Լուսանկարը տվյալ դեպքի հետ առնչություն չունի։