Հազարամյա պատմություն ունեցող արցախցին դարձավ նոր կազմավորված ադրբեջանցու զոհ. Վահրամ Հակոբյան

Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը Ազատության հրապարակում տեղի ունեցող «Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ իր ելույթում դիմեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և միջազգային ռազմական փորձագիտական ռուսական կենտրոններին։
«Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով 10 միլիոն բնակչություն, 120.000 մշտական և 1 միլիոն զորահավաքային ռեսուրսի զորք (արդեն չեմ խոսում ավիացիայի, ռազմական տեխնիկայի, հակաանօդաչու թռչող սարքավորումների քանակի մասին), ռազմական դաշինք կազմելով միջուկային գերտերություն հանդիսացող Պակիստանի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Սիրիայից վարձակալված մարդակերների զորամասերի հետ, հարձակվեց 150.000 բնակչություն և 25.000 զորք ունեցող Արցախի Հանրապետության վրա: Ի՞նչ հաղթանակի մասին կարող է խոսք լինել, սա միջազգային ռազմարվեստի խայտառակ էջն է: Այս ամենի արդյունքում Արցախը հայաթափվեց»,- ասաց ազատամարտիկը։
Ըստ Վահրամ Հակոբյանի՝ հազարամյա պատմություն ունեցող արցախցին դարձավ նոր կազմավորված ադրբեջանցու զոհ:
«Սակայն ոչ արցախցու, ոչ բանականություն ունեցող հայ մտքից երբեք դուրս չի գա վերադարձի հարցը՝ վերադարձ դեպի հայկական լեռնաշխարհի Արցախ երկրամասը: Կդառնա միջազգայնորեն ամրագրված և Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող պարտականություն: 1951 թվականի փախստականների մասին կոնվենցիային և դրա 1967 թվականի արձանագրությանը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ մենք իրավունք ունենք վերադառնալու: Եվ ամեն ինչ չէ, որ կախված է իշխանություններից կամ նրա առանձին անձանց անդամներից կամ կառույցներից: Ինչքան էլ փորձենք կասեցնել արցախյան շարժումը, այն կա, որովհետև այն համաժողովրդական է: Իսկ մենք՝ այդ շարժման մարտիկները»,-հայտարարեց Վահրամ Հակոբյանը։
Պահեստազորի փոխգնդապետն արցախցիներին նաև հիշեցրեց, թե ինչպես են հատել Հակառիի կամուրջը:
«Ինչպիսի ապրումներ են ունեցել մեր ծնողները, կանայք, երեխաները, հատկապես՝ սպաների ընտանիքները: Իսկ այսօր գնդապետին կարող եք տեսնել պահակի, փոխգնդապետին՝ այգեպանի կարգավիճակում 100-120.000 դրամ աշխատավարձով: Եվ այս պարագայում ոգևորված նախարարը հայտարարում է՝ նպաստների կրճատումը կնպաստի ղարաբաղցիների արագ ինտեգրմանը: Ինչի՞ն ինտեգրմանը»,- նշեց պահեստազորի փոխգնդապետը։