Ավանեսյանը Գյումրի այցի շրջանակում «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում ծանոթացել է մատուցվող ծառայություններին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի:
Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն:
Այս կենտրոն այցելում են ինչպես հենաշարժական համակարգի հիվանդություններով, այնպես էլ` համակցված զարգացման խանգարումներով երեխաներ:
Նախարարի հաջորդ կանգառը եղել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը», որը սպասարկում է Շիրակի մարզի՝ հոգեկան առողջության և նարկոլոգիական խնդիրներ ունեցող 7465 բնակչի:
Նախարարը շրջել է բաժանմունքներով, հետևել է կենտրոնի աշխատանքների ընթացքին. շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն: